
149 դիտում
Տարիքի հետ մարդու օրգանիզմում, այդ թվում՝ հիշողության համակարգում, որոշակի փոփոխություններն օրինաչափ են: Սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ դեմենցիան ծերացման բնականոն ընթացք չէ: Այն գլխուղեղի վնասման հետևանքով առաջացող ախտանիշների համախումբ է, որն էականորեն խաթարում է մարդու կենսագործունեությունը:
Հիվանդության վաղ հայտնաբերման համար կարևոր է ճանաչել տարիքային սովորական փոփոխությունների և դեմենցիայի ախտանշանների հիմնական տարբերությունները.
Տարիքային բնականոն փոփոխություններ
Մարդը երբեմն կարող է մոռանալ, թե ուր է դրել կենցաղային իրերը (օրինակ՝ բանալիները):
Դժվարանում է անմիջապես մտաբերել որևէ բառ, սակայն հիշում է այն որոշ ժամանակ անց:
Կարող է մոռանալ հեռու ծանոթի անունը կամ վերջին շրջանի աննշան դեպքերը:
Այս փոփոխությունները չեն խաթարում մարդու ինքնուրույնությունը և առօրյա կյանքը:
Դեմենցիայի հնարավոր ախտանշաններ
Հիշողության զգալի կորուստ՝ մտերիմների անունները կամ սեփական կյանքի կարևոր, անցյալի հուշերը մոռանալը:
Խոսքի խանգարումներ՝ սովորական առարկաներն անվանելու համար անսովոր կամ սխալ բառերի օգտագործում:
Կողմնորոշման կորուստ՝ նույնիսկ ծանոթ թաղամասերում կամ վայրերում մոլորվելը:
Տեսողական և տարածական ընկալման խնդիրներ՝ առարկաների ճանաչման կամ հեռավորության գնահատման բարդություններ:
Կենցաղային անկարողություն՝ տարրական գործողությունները (օրինակ՝ խանութում դրամական հաշվարկներ կատարելը) ինքնուրույն ավարտին հասցնելու դժվարությունը:
Ինչո՞ւ է սա կարևոր իմանալ
Հիվանդության սկզբնական փուլում ախտանիշները կարող են լինել թույլ արտահայտված՝ դրսևորվելով որպես թեթև ճանաչողական խանգարում։ Այս պատճառով, անձն ինքը հաճախ կարող է չգիտակցել կատարվող փոփոխությունները, և շրջապատի ու հարազատների ուշադրությունն ու արձագանքն այստեղ վճռորոշ դեր ունեն:
Վաղ և ճշգրիտ ախտորոշումը հնարավորություն է տալիս դանդաղեցնել հիվանդության առաջընթացը, մեղմել ախտանիշները և ժամանակին պլանավորել անհրաժեշտ խնամքն ու բժշկական աջակցությունը: